Սաուդյան Արաբիան հաստատել է մտադրությունը՝ միանալու Պարսից ծոցում նավարկության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային։ Այս մասին ասվում է թագավորության նախարարների խորհրդի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«(Պարսից ծոցում) նավարկության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային միանալու (Սաուդյան Արաբիայի) որոշումը պայմանավորված է նավարկության եւ համաշխարհային առեւտրի սպառնալիքներին դիմակայելու միջազգային եւ տարածաշրջանային ջանքերի աջակցման, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության համար էներգառեսուրսների անխափան ու հուսալի մատակարարումը երաշխավորելու ձգտմամբ»,- խորհրդի հայտարարությունը մեջբերում է սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը։

Իրավիճակը Պարսից ծոցի գոտում սրվել է հուլիսի 19-ին, երբ բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավը կալանավորվեց Հորմուզի նեղուցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) ուժերի կողմից։ Համաձայն ԻՀՊԿ հայտարարության՝ լցանավը ձերբակալվել է «միջազգային կանոնների խախտման հետ կապված» եւ ուղեկցվել է մինչեւ նավահանգիստ՝ ստուգման։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը ստեղծում է կոալիցիա՝ Պարսից ծոցի շրջանում ազատ նավարկության նպատակով։ Կոալիցիա մտնելու մտադրության մասին հայտարարել են Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն։