ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա տեղեկացրեց՝ տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին: Դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: