Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 24-ին հրավիրվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանության, հասարակական, հոգեւոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Բարեկամության շրջանակը ձեւավորվել է ս.թ. օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված Արցախի ավստրալացի բարեկամներ /Australian Friends of Artsakh/ խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու նպատակով:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով «Արցախի ավստրալացի բարեկամներ» շրջանակի ձեւավորման մասին, նշել է, որ շրջանակին անդամակցում են դաշնային խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ, նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը եւ նահանգային խորհրդարանի նախագահը, նախկին խորհրդարանականներ, քաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Օգոստոսին Ավստրալիա կատարած այցի եւ տեղի ունեցած հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ընդգծելով Ավստրալիայի հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերն ընդլայնելու կարեւորությունը՝ նա նշել է. «Չպետք է սահմանափակվենք միայն շրջանակի ստեղծմամբ, պետք է մշակենք համագործակցության ընդհանուր օրակարգ եւ առաջնորդվենք դրանով»:

Նորաստեղծ բարեկամության շրջանակի անդամները ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին ընտրել են շրջանակի նախագահ, իսկ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանին՝ քարտուղար: Հանդիպման մասնակիցների կողմից ընդունվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագիրը: