ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է ույգուրների դեմ բռնաճնշումների համար եւ կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննել դա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Չինաստանի կոմունիստական կուսակցությունը իր հիմնադրման պահից ծայրահեղ թշնամանք է դրսեւորում բոլոր դավանանքների հանդեպ, եւ այդ բռնաճնշումները միայն ուժեղացել են վերջին տարիներին։ Սինցզյանում չինական կառավարությունը թույլ չի տալիս մահմեդականներին աղոթել եւ Ղուրան կարդալ, եւ ավերել ու փչացրել է բազմաթիվ մզկիթներ»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ում։

Սալիվանը նշել է, որ ԱՄՆ-ը «ՄԱԿ-ին կոչ է անում հետաքննել եւ ուշադիր հետեւել Չինաստանում մարդու իրավունքների խախտումներին, այդ թվում՝ կրոնական ազատությունների եւ համոզմունքների ճնշմանը»։

«Մենք այդ (վերադաստիարակչական) ճամբարներում մահվան դեպքերի, հարկադիր աշխատանքի, կտտանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող դեպքերի մասին ստույգ տեղեկատվություն ունենք։ Բացի այդ, շատ տեղեկատվություն կա այն մասին, որ Չինաստանի կառավարությունը կալանավորվածներին ստիպում է հրաժարվել իրենց էթնիկ պատկանելությունից, մշակույթից եւ կրոնից։ Չինաստանը հայտարարում է, որ այդ ճամբարները «աշխատանքի տեղավորման մարդասիրական ուսումնական կենտրոններ են», սակայն այնտեղ պահվում են հմուտ բժիշկներ եւ գիտնականներ, հաջողակ բիզնեսմեններ եւ այլ մասնագետներ, ինչպես նաեւ՝ փոքր երեխաներ եւ տարեց մարդիկ»,- հավելել է Պետդեպի ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, «չինական հետադիմական քարոզչությունը տարածվում է ճամպարների սահմաններից շատ հեռու»։

ԱՄՆ-ը պարբերաբար քննադատում է Չինաստանին՝ Սինցզյան-ույգուրական ինքնավար մարզում մարդու եւ կրոնական իրավունքների խախտման համար։

2018թ․ օգոստոսին ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ հանձնաժողովի փորձագետները իրենց զեկույցում հայտնել էին, որ մինչեւ 1 միլիոն էթնիկ ույգուրներ կարող են լինել «վերադաստիարակչական ճամբարներում»։ Մեկնաբանելով դա՝ չինական ԱԳՆ-ը հայտարարել էր, որ այդ տեղեկատվությունը ոչնչով հաստատված չէ եւ իրականությանը չի համապատասխանում։