ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վենեսուելայի ընդդիմությանը կհատկացնի 52 մլն դոլար, նշված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն, որն անօրինականորեն ինքնահռչակվել էր երկրի նախագահ, Twitter-ում հայտնել էր, որ Վենեսուելայի ընդդիմությունն իր ներկայացուցիչներին կուղարկի Նյու Յորք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
USAID-ի հայտարարության մեջ նշված է, որ գործակալության ղեկավար Մարկ Գրինն օգնություն հատկացնելու մասին հայտարարել է Վենեսուելայի ընդդիմադիրների, իրավապաշտպանների եւ ԱՄՆ-ում Գուայդոյի դեսպան Կառլոս Վեկյոյի հետ հանդիպման ժամանակ:
«Այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինը հայտարարել է 52 մլն դոլար հատկացնելու մասին, որ օգնի Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին, նրա կառավարությանն ու երկրի ժողովրդին»,- նշված է հայտարարության մեջ:
Այս գումարը կնախատեսվի ծրագրերի համար՝ ուղղված ընդդիմությանը ենթակա Ազգային ասամբլեայի, «անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության աջակցությանը եւ առողջապահության հատվածի վերականգնմանը»:
Հունվարի 21-ին Վենեսուելայում մեկնարկել էին զանգվածային բողոքի ցույցերը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Ազգային ժողովի խոսնակ, ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն անօրինականորեն ինքնահռչակվել էր որպես երկրի ժամանակավոր նախագահ: ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք Արեւմտյան երկրներ ճանաչել էին Գուայդոյին՝ որպես երկրի ղեկավար: Մադուրոն անվանել էր Գուայդոյին ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրների սատարել էին Մադուրոյին որպես օրինական նախագահի: Մոսկվայում անվանել էին Գուայդոյի նախագահական կարգավիճակն անիրական:




























