Մեքսիկայի գլխավոր դատախազությունը ուսանողական ցույցի գնդակահարման , 43 ուսանողի առեւանգման եւ սպանության վերաբերյալ ցուցմունքներ տալու համար կանչել է նախկին նահանգապետին, նախկին գլխավոր դատախազին եւ անվտանգության նախարարին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

43 ուսանող Իգուալա քաղաքի Այոթսինապայի քոլեջից կորել է 2014 թվականի սեպտեմբերին։ Ինչպես հետագայում պարզվել է, նրանց առեւանգել են տեղի ոստիկանները եւ տվել ավազակների ձեռքը, ինչից հետո ուսանողները, ենթադրաբար, սպանվել են, իսկ նրանց մարմինները՝ այրվել։ Այս առնչությամբ, երկարատեւ հետաքննության ընթացքում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում Իգուալայի նախկին քաղաքապետը եւ բազմաթիվ ոստիկաններ։ Սակայն ուսանողների ազգականները համաձայն չէին հետաքննության արդյունքների հետ։

«Հետաքննությունը եւ գործը վարող հատուկ խումբը նոր վարույթի շրջանակում ցուցմունքների համար կանչել է Անխել «Ա»-ին, նախկին նահանգապետ Գերերո Ինյակիին, նախկին դատախազին եւ Լենոարդո «Բ»-ին՝ նահանգի հանրային անվտանգության նախկին նախարարին»,- ասվում է գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Համաձայն դատախազության պահանջի՝ պաշտոնյաները պետք է ցուցմունքներ տան հաջորդ շաբաթ։ Հաջորդը հարցաքննվելու են դաշնային մակարդակի պաշտոնյաները, որոնք մասնակցել են 2014 թվականի իրադարձություններին։

Մի քանի օր առաջ Մեքսիկայի գլխավոր դատախազը խոստացել էր գործի նոր հետաքննություն սկսել, որը փաստորեն ընթանում էր դատարանում. 142 կասկածյալից 77-ն ազատ է արձակվել 5 տարվա քննությունից հետո, ներառյալ նրանք, որոնց համարել են գլխավոր կասկածյալներ։