Անցած 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարությունների, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի եւ կազմակերպության կառավարման մարմինների եւ ամբողջ թիմի ներդրած ջանքերի համատեղման շնորհիվ հաջողվել է Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել միջազգային ճանաչում եւ համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն ժամանակակից դատափորձագիտական պետական կազմակերպություն, որը ներկայումս, լինելով նաեւ Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի լիիրավ անդամ, լիարժեք ծառայում է հիմնադրման նպատակներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15 ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, իր ողջույնի խոսքում ասաց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։

«Միջազգային գիտաժողովի անցկացումը նպատակ ունի համախմբել դատափորձագիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի գործընկերների գիտական ներուժը, վերհանել եւ վերլուծել ոլորտում առկա խնդիրները, ներկայացնել ժամանակակից ձեռքբերումներն ու նվաճումները, նախանշել խնդիրների լուծման եւ ոլորտի կայուն զարգացման ապահովման հնարավոր եւ արդյունավետ ուղիները՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դերը միջազգային դատափորձագիտական միջավայրում` նպատակաուղղված լինելով Հայաստանի Հանրապետությունում դատական փորձաքննությունների կազմակերպման եւ կատարման գիտական ապահովմանը, միջազգային դատափորձագիտության շրջանակներում կիրառվող նորարարական հնարավորությունների ներդրմանը, առկա հնարավորությունների պահպանման եւ զարգացման շարունակականության ապահովմանը, դատական փորձաքննությունների ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան վալիդացված մեթոդների կիրառմամբ իրականացմանն ու գիտականորեն հիմնավորված հավաստի արդյունքների ստացմանը, արդյունքում իր նպաստն ունենալով Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական ոլորտի զարգացման, քրեական հետապնդում եւ արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործում»,–ասաց նա:

Նշենք, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ներկայումս գործում են 18 փորձագիտական ստորաբաժանումներ (բաժիններ)՝ կազմում գործող լաբորատորիաներով եւ 10 բաժանմունքներով, իրականացնելով դատական փորձաքննություններ (հետազոտություններ, տեխնիկական փորձարկումներ, վերլուծություններ եւ այլն) 26 փորձագիտական տեսակներով շրջանակներում շուրջ 129 փորձագիտական ենթատեսակներով եւ ուղղություններով: 

Հարկ է նշել, որ կազմակերպությունում զգալի քանակ են կազմում բարդ եւ ծավալուն փորձաքննությունների իրականացումը տարբեր փորձագիտական բնագավառների հատուկ գիտելիքների կամ հետազոտությունների տարբեր մեթոդիկաների միաժամանակյա, հաջորդաբար կիրառմամբ: Կազմակերպությունում գործող փորձագիտական ստորաբաժանումների կողմից վերջին տարիների ընթացքում իրականացված դատական փորձաքննությունների քանակը դինամիկ աճ է գրանցել, ինչը պահանջում է տեխնիկական հնարավորությունների եւ մասնագիտական ներուժի համալրման շարունակականություն։

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ողջույնի խոսք էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի ուղերձն ընթերցեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Պատիվ ունեմ Ձեզ հաղորդելու ՀՀ վարչապետի ողջույնի ուղերձն ու շնորհավորանքի խոսքը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով երկար տարիների բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի նպաստ ՀՀ իրավական համակարգի զարգացման և ամրապնդման, մարդու իրավունքների համակողմանի պաշտպանության երաշխիքների ապահովման։ Առիթից օգտվելով ես էլ եմ շնորհավորում ՀՀ դատաիրավական համակարգի արդյունավետ գործունեության իրականցման գործում առանձնահատուկ դերակատարություն ունեցող և փորձագիտական ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնող «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի ողջ անձնակազմին, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանին՝ մաղթելով երկար տարիների բեղմնավոր գործունեություն։ Գնահատելի և ողջունելի իրողություն է այսպիսի լայն ընդգրկվածության գիտաժողովի կազմկերպումը։

«Փորձաքննությունների ազգային բյուրո»–ն հանդիսանում է նորարարական հնարավորություններով օժտված կարևոր նշանակություն ունեցող դատափորձագիտական կազմակերպություն, որը պատշաճ ներկայանում է մեր երկիրը ոլորտի տարբեր միջազգային կառույցներում։ ՀՀ կառավարությունը չափազանց կարևորում է արդարադատության համակարգի նկատմամաբ հանրային վստահության բարձրացումը, և ռազմավարական խնդրի լուծման գործում իր անփոխարինելի դերն ունի «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն, հարստացնելով քննվող գործերի ապացուցողական բազան իր բազմակողմանի և արժանահավատ փորձաքննությունների արդյունքներով»,–նշեց նա։

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս ընդգծեց որպես գիտական կենտրոն՝ Բյուրոյի կայացվածության, մեր երկրում դատափորձագիտական ինստիտուտների համակարգում նրա ուրույն, լոկոմոտիվային դեր ստանձնած լինելու մասին. «Տպավորիչ են զարգացման, փորձագիտական, գիտատեխնիկական եւ մեթոդաբանական համաշխարհային տենդենցների յուրացման եւ տեղայնացման, դատափորձագիտական միջազգային հանրույթին ինտեգրման ուղղությամբ Բյուրոի ղեկավարության եւ անձնակազմի ձեռնարկումներն ու անթաքույց հավակնությունները, որոնք ցանկացած նման ինստիտուտի շարունակական զարգացման եւ արդիականացման երաշխիքներն են»,–նշեց դատախազը։

Գլխավոր դատախազի գնահատմամբ՝  մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք. «Մենք քաջ գիտակցում ենք բոլոր այն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրները, մարտահրավերները, որոնց բախվում են հանրապետության փորձագիտական կենտրոններն ու դրանք ներկայացնող մասնագետները՝ սկսած ոչ բավարար սոցիալական երաշխիքներից մինչեւ արդի տեխնիկա-տեխնոլոգիական թերհագեցվածությունը, գիտական զարգացումներից բխող մեթոդների ներդրման անհրաժեշտությունը, փորձագետների վերապատրաստման կարիքները, մասնագիտական ռեսուրսների սակավությունն ու համալրվածության ապահովման հետ կապված բարդությունները, դրանցից ածանցվող՝ փորձագիտական հիմնարկների եւ փորձագետների գերծանրաբեռնվածությունը: Այս ամենով հանդերձ, մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք՝ ջանք չխնայելով նպաստելու ապացույցների օբյեկտիվ գնահատմանը, հանցագործությունների բացահայտմանը, վերջնարդյունքում՝ արդարադատության իրականացմանը»,–ասաց գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրամ 15-ամյակի առթիվ կազմակերպության կայացման, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի առաջխաղացման գործում զգալի ավանդի և ՀՀ դատախազության մարմինների հետ սերտ համագործակցության ապահովման համար պարգևատրեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Արգամ Հովսեփյանին։ Դատախազության, ԳԱԱ-ի, Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և այլ գերատեսչություննրի կողմից պարգևատրվեցին նաև բյուրոյի մի խումբ փորձագետներ:  
Գիտաժողովի ընթացքում  Մոլդովայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի  երկների մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ ստորագրվեցին միջազգային համագործակցության մասին հուշագրեր։
Նշենք, որ միջազգային գիտագործնական գիտաժողովը տևելու է երեք օր։