Անցումային արդարադատության շրջանակներում 27 տարվա վաղեմության իրավախախտումների վերաբերյալ նախագիծը որոշակի գնահատական է ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա հերքեց ընդդիմախոսների պնդումը, թե դրանով իշխանություններն առաջ նայելու փոխարեն հետ են նայոմ. «Մենք անցյալ չենք գնում ամենեւին, եթե անցյալ գնալու նպատակ ունենայինք, տվյալ մարմնին կտայինք քննչական կամ այլ կարգավիճակ, սահմանադրական փոփոխություններ կանեինք: Մենք ընդամենը փաստերն ենք վեր հանում, այսինքն փաստահավաք խումբը դա պետք է անի, դրա շրջանակներում տա որոշակի գնահատական եւ բացառի նման մեխազնիմների կիրառումն ապագայում:
Գնահատականը հենց դրանով է գնահատական, որ եզրափակվում է որոշակի գործողությամբ, որը ընդհանուր պատկեր է տրամադրում հասարակությանը, այսինքն խնդիրներն է վեր հանում, եւ որեւէ անձի կամ անձանց խմբի պատժելու նպատակ չի հետապնդում, եթե ինքնին վեր չհանվեն հանցագործության մասին վկայող ակնհայտ տեղեկություններ:
Մենք փորձում ենք անցյալի սխալները բացառել ապագայում: Խոսքը միայն ընտրական գործընթացների մասին չէ: Եթե մենք հայտնաբերենք որոշակի կոռուպցիոն մեխանիզմ, որն աշխատել է դատական համակարգում, առանձին գործերի ոչ օրինաչափ վարույթ ընդունելու պրակտիկա, մենք պետք է սահմանենք մոնիտորինգի համակարգ, որ դա կրկին հնարավոր չլինի գործադրել ապագայում»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ եթե հնարավոր չլինի 27 տարի առաջվա իրդարձությունների մասին որեւէ բան ասել, որեւէ բան չի ասվի. «Բայց եղել են փաստահավաք զեկույցներ, որոշակի դիտորդական կազմակերպությունների կողմից, եղել է ընտրական կեղծիքների մեխանիզմ, որը ամեն անգամ կատարելագործվել է: Դրա շուրջ հնարավոր կլինի, որ փաստահավաք խումբը այլ տեղեկություններ հավաքի»:




























