Չինաստանը երբեք հեգեմոնիայի չի ձգտել եւ մտադիր չէ միջազգային հարթակում «գահերի խաղ» խաղալ՝ ԱՄՆ-ին իր դիրքից տեղաշարժելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ի որոշ ներկայացուցիչներ հարց են բարձրացնում միջազգային իշխանության այսպես կոչված տեղաշարժի մասին: Նրանք մտավախություն ունեն, որ Չինաստանը մարտահրավեր կնետի եւ ԱՄՆ-ին կտեղաշարժի աշխարհում իր դիրքից: Դա ռազմավարական առումով սխալ դատողություն է, ինչպես նաեւ ցույց է տալիս ինքն իր հանդեպ ԱՄՆ-ի անինքնավստահությունը»,- ասել է Վան Ին:
«Չինաստանը հեգեմոնիայի չի ձգտում, դա երբեք չի եղել Չինաստանի ԴՆԹ-ում: Չինաստանը մտադիր չէ միջազգային հարթակում «գահերի խաղ» խաղալ»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Չինաստանը նախկինի պես աշխարհի խոշորագույն զարգացող երկրներից է:
«Չինաստանն ԱՄՆ-ից զգալիորեն հետ է մնում ազգային եկամտի, մարդկային զարգացման ինդեքսի, գիտության եւ տեխնիկայի, կրթության զարգացման մակարդակով»,- նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը:
Դիվանագետը նաեւ նշել է, որ աշխարհում որեւէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել մեկուսացումը:
«Այդպիսով, միջազգային պարտավորությունների բաժանումը բնական միտում է: Յուրաքանչյուր երկիր պետք է իր դերն ունենա միջազգային հարթակում՝ հաշվի առնելով սեփական հնարավորությունները»,- ասել է Վան Ին՝ հավելելով, որ Չինաստանը պատրաստ է լիովին իր վրա վերցնել պատասխանատվության իր բաժինը:




























