ՌԴ Պետդումայում այսօր բացվել է գիտնական-բեւեռախույզ, Արկտիկայում եւ Անտարկտիկայում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, հետազոտող Արթուր Չիլինգարովի 80-ամյա հոբելյանին նվիրված ֆոտոցուցահանդեսը: Պետդումայի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ու պալատի այլ ներկայացուցիչներ ուշադրություն են դարձրել, որ հետազոտողի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների համար բավական չէ մեկ կյանքը, սակայն նա մինչ այժմ նոր սերունդների համար եզակի էներգիայի, տղամարդկային ամուր ընկերության, արտասովոր հմտությամբ քաղաքական գործչի օրինակ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անկեղծությունն ու երկաթե կամքը
«Ոչ մի ցուցահանդես չի կարող իր մեջ տեղավորել Արթուր Նիկոլաեւիչին եւ նրա կյանքը, այդ պատճառով պետք է ավելի հաճախ ցուցահանդեսներ կազմակերպել, ավելի հաճախ խոսել նրա մասին, քանի որ նա եզակի մարդ է»,- ցուցադրության բացման ժամանակ ասել է Վոլոդինը՝ նշելով Արթուր Չիլինգարովի անկեղծությունն ու բարյացակամությունը, սակայն, միեւնույն ժամանակ, երկաթե կամքը:
«Հենց այդ հատկանիշների շնորհիվ է նա ապրում, նա ինքն է իրեն կերտել»,- նշել է խոսնակը:
«Մենք խոսում ենք հետազոտողի, բեւեռախույզի, քաղաքական գործչի մասին: Եվ, ինչպես տեսնում եք, այդ որակները համակցվում են նրա մեջ, քանի որ քաղաքական գործչի համար կարեւոր է նոր հորիզոններ բացելը, նվաճելը»,- շարունակել է Պետդումայի խոսնակը:
Նա նաեւ նշել է, որ Չիլինգարովի ընտրատարածքը (ընտրվել է VII գումարման Դումայում, «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուն է եղել Կրասնոյարսկի երկրամասում՝ Խակասիա Հանարպետությունում եւ Տիվայում) «միշտ ամենաբարդն է եղել»:
«Դա բարդ տարածք է, ամենախնդրայինը, եւ նա չվախեցավ մարդկանց ընդառաջ գնալ, ինչն անում է նաեւ այսօր»,- հավելել է քաղաքական գործիչը:




























