Ֆրանսիան չի ծրագրում դադարեցնել ապօրինի ներգաղթյալներին բժշկական օգնության ցուցաբերումը, բայց այս ծրագիրը պետք է վերանայել այն ջանքերի ապահովման շրջանակում, որ երկիրը միգրանտների համար այնքան էլ «գրավիչ» չլինի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը:

«Բոլորին արժանիորեն ընդունելու հնարավորություն ունենալու համար մենք չպետք է լինենք չափից ավելի գրավիչ երկիր»,- «Եվոպա-1» ռադիոկայանին ասել է Ֆրանսիայի նախագահը: «Լսել եմ, որ ոմանք ասում են, թե մենք պետք է ունենանք պետական բժշկական օգնություն: Դա ծիծաղելի կլիներ»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ քննարկումներ են անհրաժեշտ՝ գնահատելու համար այն, ինչը «մենք անում ենք մեր հարեւանների համեմատությամբ»: «Արդյոք անհրաժե՞շտ է, որ մենք ամեն ինչ ամբողջությամբ փոխհատուցենք: Արդյոք չկա՞ն ինչ-որ ավելորդություններ»,- ասել է նա:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալների համաձայն՝ Ֆրանսիան եւ Իսպանիան եղել են այն սակավաթիվ երկրներից մեկը, որոնք անցյալ տարի գրանցել են ապաստան տրամադրելու հայտերի թվի զգալի աճ:

Ֆրանսիան 2018 թվականին արդեն խստացրել է իր ներգաղթային քաղաքականությունը, բայց Մակրոնը խոստացել է ապրիլին կրկին զբաղվել այդ հարցով:

Քննադատների խոսքով՝ պետական բժշկական սպասարկմանն անվճար հասանելիությունը Ֆրանսիա է գրավում ապաստան հայցողներին եւ ապօրինի ներգաղթյալներին

2000 թվականին վարչապետ Լիոնել Ժոսպենի գլխավորած կառավարության ղեկավարությամբ ապօրինի ներգաղթյալների համար ստեղծված առողջապահության ծրագիրը օգնում է տարեկան գրեթե 300 հազար մարդու, որի արժեքը մոտ 950 մլն եվրո է: Մի քանի ոչ կառավարական խմբեր, որոնք աշխատում են միգրանտների հետ, հայտարարել էին, որ այս ծրագրի կրճատումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ոչ միայն ուղղակիորեն շահագրգռված մարդկանց համար, այլեւ ընդհանրապես հանրային առողջապահության համար: