ԲՀԿ Երեւանի ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը միացավ «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ակցիային։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները «Սանիթեքի» նախկին աշխատակիցների հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով օգոստոս ամսվա իրենց աշխատավարձերը։

Ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը հայտնեց, որ խոսել է քաղաքապետարանի աշխատակիցների հետ եւ իրեն ասել են, որ այս պահին հաշվարկվում են օգոստոս ամսվա աշխատավարձերի չափը, մոտ մեկ շաբաթից հաշվարկները կավարտվեն.

«Գնացել եմ, պայմանավորվել եմ պաշտոնյաների հետ։ Հիմա ես փոխանցում եմ քաղաքապետարանի պաշտոնյայի բառերը՝ քաղաքապետարանը հիմա հաշվարկում է, թե ինչքան գումար է օգոստոս ամսին պարտք մնացել «Սանիթեքին» կատարած աշխատանքների համար։ Հաշվարկից հետո աշխատավարձերը փոխանցի որեւէ բանկի։ «Սանիթեքը» ձեր գումարները ցուցակով կտանի կտա բանկին։ Բանկին կհանձնարարի, որ ես «Սանիթեքս»՝ հանձնարարում եմ, որ իմ աշխատողների փողը տվեք։ Հաշվարկելուց հետո աշխատավարձերը քաղաքապետարանը կփոխանցի «Սանիթեքի» հաշվեհամարի վրա։ Ձեր ցուցակները կտանի կտա»։

Ավագանու անդամն ասաց, որ եղել են վիճակահարույց խնդրներ «Սանիթեքի» հետ այդ պատճառով ձգձգվել են հաշվարկները։ Սակայն ակցիայի մասնակիցներն ասացին, որ նախորդ անգամ էլ նույն խոսքերն են իրենց ասել, սակայն որեւէ տեղաշարժ չի եղել։

«Ցավտ տանեմ, ինձ ինչ ասել են էն եմ ասում։ Բոլորդ  տեղյակ եք, որ ես ԲՀԿ-ից եմ ու ժողովրդի կողքին եմ։ Ես էլ ձեր հետ կանգնելու եմ, ձեր կողքին եմ լինելու։ Հանկարծ որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ ԲՀԿ-ն ժողովրդի կողքին չի կանգնելու։ Ես էլ մտա ձեր հետ կանգնեցի»,- ասաց Ներսիսյանը եւ միացավ ակցիայի մասնակիցների խմբին։

Նշենք, որ ավելի վաղ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը 2 տակդիր տվեց քաղաքապետարանի աշխատակցին, որպեսզի այն փոխանցի քաղաքապետ Հայկ Մարությանին.

«Մենք պարոն պարտադրված քաղաքապետին նվերներ ենք բերել, որպեսզի նա օգտագործի ըստ նշանակության։ Արձանագրում ենք, որ պամպերսները փոխանցվում են պարոն Հայկ Մարությանին, որ դրանք նա օգտագործի եւհամարձակություն ունենա իջնելու եւ պատասխանելու բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր պահանջում են իրենց օգոստոս ամվա հասանելիք աշխատավարձերը»։