Եվրամիությունն ընդլայնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի շրջապատի դեմ պատժամիջոցները: Բրյուսելում սեպտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ երկրների ներկայացուցիչները սեւ ցուցակում են ներառել Մադուրոյի կառավարության եւս 7 ներկայացուցչի՝ սառեցնելով Եվրոպայում նրանց բաժնետոմսերն ու արգելելով նրանց մուտքը ԵՄ տարածք, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:

Խոսքն առաջին հերթին Վենեսուելայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասին է, որոնք մեղադրվում են խոշտանգումների եւ մարդու իրավունքների խախտումների մեջ: Այդպիսով, ԵՄ սեւ ցուցակում կա 25 վենեսուելացի: 2017-ից գործում է նաեւ Վենեսուելա զենքի արտահանման արգելքը, հաղորդում է DW-ը: 

Նախօրեին Մադուրոյի կառավարության դեմ պատժամիջոցները խստացրել էր նաեւ ԱՄՆ-ը: Պատժամիջոցներ են կիրառվել Կիպրոսում եւ Պանամայում գրանցված 4 նավագնացային ընկերությունների դեմ եւ ուղղված են Կուբա վենեսուելական նավթի արտահանման դադարեցմանը: