Բուլղարացի տնտեսագետ Կրիստալինա Գեորգիեւան ընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն: Նա իր պարտականությունների կատարումը կստանձնի հոկտեմբերի 1-ից, նշված է ԱՄՀ հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեկ՝ սեպտեմբերի 25-ին: Գեորգիեւան ԱՄՀ ղեկավարի պաշտոնում կփոխարինի ֆրանսուհի Քրիսթին Լագարդին, ում առաջադրել են Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում, փոխանցում է DW-ն: 

Կրիստալինա Գեորգիեւան հատուկ նշել է նոր աշխատանքի «մեծ պատասխանատվությունը»: Նա վկայակոչել է թուլացած համաշխարհային տնտեսությունը, առեւտրային վեճերը, կլիմայի փոփոխության հետ կապված վտանգները, ինչպես նաեւ տեխնոլոգիական սրընթաց վերափոխումները:

Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնադրման պահից սկսած ԱՄՀ ղեկավարի պաշտոնն ավանդաբար եվրոպացի է զբաղեցրել, մինչդեռ մյուս խոշոր միջազգային ֆինանսական կազմակերպության՝ Համաշխարհային բանկի ղեկավար է սովորաբար դառնում ԱՄՆ ներկայացուցիչը:

Կրիստալինա Գեորգիեւան 2017 թվականի հունվարից ՀԲ գլխավոր գործադիր տնօրենն է: Մինչեւ դա նա եղել է հումանիտար օգնության եւ հակաճգնաժամային միջոցառումների հարցերով եվրահանձնակատարը, իսկ ավելի ուշ՝ բյուջեի հարցերով եվրահանձնակատարը: