Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի հետ հեռախոսով քննարկել է սեպտեմբերի 14-ին սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո թագավորություն ամերիկյան զորքեր ուղարկելու մասին պայմանավորվածությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սաուդյան մամուլի գործակալությանը:
Էսփերը նշել է, որ Միացյալ Նահանգները հնարավոր ամեն ինչ կանի Սաուդյան Արաբիային պաշտպանելու համար: «Պետք է սանձահարել տարածաշրջանային իրավիճակն ապակայունացնող Իրանի քաղաքականությունը»,- ամփոփել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Սաուդցի թագաժառանգն իր հերթին նշել է, որ Saudi Aramco ՆՄԳ-ի վրա հարձակումը «վտանգավոր էսկալացիա է ամբողջ համաշխարհային հանրության համար, որին պետք է կոշտ պատասխան տալ՝ ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը եւ ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը սեպտեմբերի 20-ին հայտարարել էին, որ Վաշինգտոնը Մերձավոր Արեւելք է ուղարկում լրացուցիչ զորակազմ եւ ՀՕՊ միջոցներ՝ կապված Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության օբյեկտների վրա հարձակումների պատճառով տարածաշրջանում իրադրության վատթարացման հետ:




























