ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նրանց մերձավոր ազգականներին Միացյալ Նահանգներ մուտք գործել որպես ներգաղթյալներ կամ ոչ ներգաղթյալներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը:

ԱՄՆ վարչակազմը Իրանին հերթական անգամ մեղադրել է «ահաբեկչությանը հովանավորելու, ամերիկացի քաղաքացիներին կամայականորեն ձերբակալելու, հարեւաններին սպառնալու եւ կիբեռհարձակումներ անցկացնելու» մեջ:

«Հաշվի առնելով, որ նման վարքագիծը սպառնում է Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս խաղաղությանն ու կայունությանը՝ որոշեցի, որ Միացյալ Նահանգների շահերի շրջանակում է սահմանափակումների միջոցառումների ընդունումը եւ Իրանի կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավոր ազգականների մուտքը Միացյալ Նահանգներ որպես ներգաղթյալներ կամ ոչ ներգաղթյալներ դադարեցումը»,- նշված է Թրամփի հայտարարության մեջ:

ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե Թրամփի որոշումը կոնկրետ ում վրա է տարածվելու:

Նախագահը նաեւ բացառություններ է արել՝ հայտարարելով, որ սահմանափակումը չի կիրառվի ԱՄՆ օրինական մշտական բնակիչների, ապաստան ստացած անձանց կամ Միացյալ Նահանգներում արդեն ընդունված փախստականների դեպքում: Նա նաեւ հնարավոր բացառություններ է տրամադրել մարդկանց համար, որոնց մուտքը «կնպաստի իրավապահ մարմինների կարեւոր նպատակներին հասնելուն»:

Պարզ չէ՝ այս հայտարարությունը կազդի՞ ՄԱԿ-ում իրանցի դիվանագետների վրա: