Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում սաուդական հատուկ ծառայությունների կողմից լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար, «քանի որ դա տեղի է ունեցել իր հրամանատարության ներքո»: Այս մասին նա ասել է PBS փաստագրական ֆիլմում, որը եթեր դուրս կգա հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողի մահվան տարելիցի նախաշեմին, հաղորդում է Reuters-ը:

Արքայազնը հրապարակավ չի խոսել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրողի սպանության մասին: ԿՀՎ-ն եւ արեւմտյան մի շարք կառավարություններ կարծում են, որ հենց նա է պատվիրել լրագրողի սպանությունը: Էր Ռիադը դա հերքում է:

Խաշոգջիի սպանությունը գլոբալ սկանդալի է հանգեցրել՝ ստվեր նետելով թագաժառանգ արքայազնի հեղինակության վրա եւ սպառնալիքի տակ դնելով հավակնոտ ծրագրերը, այն է՝ դիվերսիֆիկացնել աշխարհում նավթի խոշոր արտահանողի տնտեսությունն ու բացահայտել փակ սաուդական հասարակությունը:

«Դա տեղի է ունեցել իմ հրամանատարության ներքո: Ես կրում եմ ողջ պատասխանատվությունը»,- ասել է արքայազնը:

Սկզբնապես Էր Ռիադը հերքում էր սպանության փաստը:

Հարցին, թե ինչպես կարող էր առանց իր իմացության տեղի ունենալ սպանությունը, արքայազն Մուհամմեդը պատասխանել է.

«Մենք 20 մլն մարդ ունենք: Մենք 3 մլն պետական ծառայող ունենք»:

Լրագրողը հարցրել է նաեւ, թե արդյոք մարդասպանները կառավարական մասնավոր ինքնաթիռներ են օգտագործել, ինչին թագաժառանգ արքայազնը պատասխանել է.

«Մենք պաշտոնյաներ, նախարարներ ունենք, որոնք հետեւում են գործերին, եւ նրանք պատասխանատվություն են կրում: Նրանք դրա լիազորությունն ունեն»:

Հունիսին Reuters գործակալության հետ զրույցում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Էր Ռիադը փորձել է «զգալի առաջընթացի» հասնել՝ մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու համար:

Սաուդյան Արաբիայից 11 կասկածյալ դատարան է ներկայացել փակ հետաքննության ընթացքում, սակայն դեռեւս միայն մի քանի լսումներ են անցկացվել: ԱՄՆ-ի զեկույցում արքայազն Մուհամմեդին եւ սաուդցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում հետաքննություն վարել:

Խաշոգջիին վերջին անգամ նկատել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում անցած տարվա հոկտեմբերի 2-ին: Այնտեղ նա պետք է իր հարսանիքից առաջ ստանար փաստաթղթերը: Ըստ հաղորդագրությունների՝ նրա դիակը մասնատել են եւ դուրս բերել շենքից, սակայն մարմնի մնացորդները դեռեւս չեն հայտնաբերվել: