«ԱԺ մոնիտորինգն» ամփոփել է  7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի  գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների եւ parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

Կառավարության օրենքները գերակշռում են

7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքների 91%-ը (131) հեղինակել է կառավարությունը եւ միայն 9%-ի (12) հեղինակն է եղել խորհրդարանը: Այս առումով օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ հարաբերակցությունը նախորդ գումարման խորհրդարանների համեմատությամբ չի փոխվել: Պատկերն այլ է ամբողջությամբ  չընդունված օրինագծերի դեպքում. նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունված 29 օրինագծերից 28-ի հեղինակը պատգամավորներն են:  Դրանք հաշվարկելու դեպքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն  տոկոսային հարաբերակցությունը 30/70 է:

Ընդունված 143 օրենքների 44%-ը (63) ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում:

Քվեարկությամբ մերժվել է ընդդիմադիր խմբակցությունների 16 օրենսդրական նախաձեռնության ընդգրկումը 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգ: Գրանցվել է նաեւ կառավարության ներկայացրած նախագիծը մերժելու դեպք. խորհրդարանը քննարկել եւ քվեարկությամբ չի ընդունել «Փաստաբանության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը:

Ազգային ժողովի ընտրությունները

7-րդ գումարման խորհրդարանի 2-րդ նստաշրջանում խորհրդարանում անցկացվել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուի 3 ընտրություն: Երկու անգամ դատավոր չի ընտրվել: Երրորդ անգամ դատավոր է ընտրվել փաստաբան Վահե Գրիգորյանը, որի թեկնածությունը հանրապետության նախագահի կողմից առաջադրվել եւ քվեարկությամբ մերժվել էր նախորդ գումարման խորհրդարանում:

Խորհրդարանում անցկացվել է ԲԴԽ անդամի թեկնածուի 3 ընտրություն՝ արտահերթ նիստերի ռեժիմով, 10 օրվա ընթացքում: Մեծամասնության առաջադրած 3 թեկնածուներից 1-ը չի ընտրվել:

Նստաշրջանի ընթացքում խորհրդարանը մերժել է վարչապետի կողմից ներկայացված ՏՄՊՊՀ մեկ անդամի թեկնածությունը: Ընտրվել են առաջադրված  5 թեկնածուներից 4-ը:

Նստաշրջանի ընթացքում խորհրդարանում ձեւավորվել է 2 քննիչ հանձնաժողով՝ Արարատի ու Արմավիրի մարզերում  ջրային տնտեսության ծրագրերի իրականացման արդյունավետությունը եւ 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով: 2 դեպքում էլ նախաձեռնությունը եղել է «Իմ քայլը» խմբակցությանը:

Խորհրդարան է հրավիրվել կառավարության 11 պաշտոնյա, այդ թվում՝ Արցախի նախագահը

7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանում առաջին անգամ խորհրդարանական մեծամասնության կողմից ԱԺ փակ հանդիպման է հրավիրվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ընդհանուր առմամբ նստաշրջանի ընթացքում խմբակցությունների հրավերով խորհրդարան է եկել 11 պաշտոնյա: Ամենաշատ հանդիպումներ կազմակերպել է «Իմ քայլը» խմբակցությունը՝ 9, 1-ական հանդիպում՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Եվս 3 պաշտոնյա՝ արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարան են հրավիրվել մշտական հանձնաժողովների կողմից: Բարձրաստիճան պաշտոնյաններից միայն մեկը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է մերժել  ԱԺ-ում հանդիպման հրավերը:

Խորհրդարանական լսումներ հրավիրելու իրենց իրավունքը իրացրել են ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից միայն 4-ը: 1 լսում հրավիրվել է ԱԺ նախագահի նախաձեռնությամբ: ԱԺ 3 խմբակցությունները  նստաշրջանի ընթացքում լսումներ չեն հրավիրել:

Էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել

Նստաշրջանի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվել, կանոնակարգային ընթացակարգերով էթիկական որեւէ հարց չի քննարկվել, չնայած խորհրդարանում գրանցվել են պատգամավորի էթիկայի կանոններին ու շահերի բախման խնդրին առնչվող դեպքեր:

7-րդ գումարման ԱԺ-ում էականորեն կրճատվել է  «լուռ» պատգամավորների թիվը: Նստաշրջանի ընթացքում 132 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 22-ը կամ պատգամավորների ընդհանուր թվի մոտավորապես 15 տոկոսը, մինչդեռ նախորդ գումարման ընթացքում լուռ պատգամավորները կազմում էին խորհրդարանի գրեթե կեսը: Քննարկումներին չի մասնակցել «Իմ քայլը» խմբակցությունից 14, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 7, «Լուսավոր Հայաստան»-ից՝ 1 պատգամավոր: