Երեւանում, այսօր, սեպտեմբերի 26-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու դիմաց բախվել են՝ 23-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Nissan Versa մակնիշի 12 UL 777 համարանիշի, 23-ամյա Յուրի Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի 01 UZ 022 համարանիշի, 28-ամյա Ժիրայր Մանուկյանի վարած Nissan Altima մակնիշի 35 VO 059 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել ԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, «Քանաքեռ Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ-ի աշխատակիցներն ու Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Բախման հետեւանքով Nissan Versa-ում շարժիչի հատվածում, հրդեհ է բռնկվել։ Հրշեջները, Քանաքեռ-Զեյթունի կանաչապատման աշխատակիցները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները մարել են շարժիչի հատվածում առաջացած հրդեհը։

Աղբյուրը հայտնում է, որ վթարի վայրից 2 ավտոմեքենաներ հեռացել են, այն դեպքում, երբ նրանք մասնակից են եղել վթարին։ Սակայն տեսնելով, որ մարդիկ զբաղված են ավտոմեքենայում առաջացած կրակը մարելով, փախել են։ Աղբյուրը հայտնում է նաեւ, որ նրանցից մեկը եղել է Lexus մակինիշի 75 VV 777 համարանիշով ավտոմեքենայով, որի վարորդը զինվորական համազգեստով էր, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդը աղջիկ էր։