Չեմ կարծում, որ որեւէ կապ կա Արթուր Վանեցյանի հրաժարականի եւ Դավիթ Սանասարյանի գործի միջեւ, դա մտացածին կապ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին, թե պատրա՞ստ է Դավիթ Սանասարյանի գործով ներկայանալ դատարան  եւ անհրաժեշտության դեպքում՝ ցուցմունք տալ, նախարարը պատասխանեց. «Ես որպես ՀՀ օրինապաշտ քաղաքացի, պատրաստ եմ կատարել դատարանի ցանկացած որոշում: Ես երեւի կասեմ այն, ինչ ասել եմ նախաքննության ընթացքում եւ կպատասխանեմ հարցերին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկություն է տարածել, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- տեղեկացրել էր ԱԱԾ-ն։

Սանասարյանի գործն արդեն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին:

Ըստ մամուլի տեղեկությունների Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը Արսեն Թորոսյանն է: Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։