Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի քույերը՝ Ռեյչելը, լրագրողների հետ զրույցում քննադատել է իր եղբոր հռետորությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Նախօրեին խորհրդարանում բուռն քննարկումների ընթացքում Ջոնսոնը մի շարք կոշտ հայտարարություններ է արել:

«Իմ եղբայրն օգտագործել է «հանձնվել» եւ «կապիտուլյացիա» բառերը, կարծես ժողովրդի օրհնյալ կամքի ճանապարհին կանգնած մարդիկ, այսինքն՝ 2016-ին 17,4 մլն ձայն, պետք է կախաղան հանվեն, խեղդվեն, քառահատվեն, խեժով ամ փետուրներով պատվեն: Կարծում եմ, որ դա դատապարտելի է: Հուսով եմ, որ այսօր համայնքների պալատում բոլոր կողմերը որոշակի համաձայնության կհասնեն, որպեսզի նման երեւույթները զրոյացվեն: Այդ ամենը ոչնչի չի հանգեցնի»,- Sky News-ին տված հարցազրույցում ասել է վարչապետի կրտսեր քույրը: 

Նա նաեւ քննադատել է 2016 թվականին ուլտրաաջ ծայրահեղականի կողմից սպանված պատգամավոր Ջո Քոքսի վերաբերյալ եղբոր խոսքը:   

«Կարծում եմ՝ անհարմար է: Պատգամավորին սպանեց նա, ով բղավում էր՝ «Մեծ Բրիտանիան առաջին հերթին»»,- ասել է Ռեյչել Ջոնսոնը:

Ավելի վաղ խորհրդարանից հեռանալու եւ նախարարական պաշտոնից հրաժարավելու մասին հայտարարել էր վարչապետի եղբայր Ջո Ջոնսոնը: Նա որոշումը բացատրել էր նրանով, որ իր քաղաքական հայացքներն ու ընտանեկան հարաբերությունները բախվում են: 

Վարչապետը հրաժարվել էր ներողություն խնդրել իր խոսքերի համար:

«Վարչապետն ակնհայտորեն բարձրացրեց առավել լայն գաղափար, ըստ որի նա կարծում է, որ բրեքզիթի խնդիրը պետք է լուծվի, քանի որ այն երկրում մտահոգություն եւ դժգոհություն է առաջացնում»,- հայտարարել էր վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը: