Սորոսականները «ՎԵՏՕ»-ի խաղաղ ակցիան խաթարելու նպատակով սկսել են ֆիզիկական ճնշումներ գործադրել մեր հերթապահների նկատմամբ։  Այս մասին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ

Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն այսօր միտումնավոր կանգնել է դիրքապահ աղջիկներից մեկի ոտքին, իսկ գրասենյակի աշխատակիցներից մեկն օրվա ավարտին հարվածել է նրան:

Հայտարարության տեքստը՝ ստորեւ․

«Սիրելի հայրենակիցներ, սորոսականներն այսօր հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց գործունեությունը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Սուտը, կեղծիքը, բռնությունը նրանց սիրելի գործիքակազմն են, որի միջոցով նրանք տարիներ շարունակ անվստահություն և ատելություն են սերմանել հասարակության մեջ:

Այսօր Սորոսի վարձկաններն արդեն խուճապահար են և հայտնվել են ծիծաղելի իրավիճակում. նրանք ստիպված են դիմել այն նույն ոստիկաններին, որոնց երկար տարիներ Սորոսից ստացած փողերով վարկաբեկում էին ու անվանարկում՝ նպատակ ունենալով թուլացնել իրավապահ համակարգը:

Տեղեկացնենք, որ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն այսօր միտումնավոր կանգնել է «ՎԵՏՕ» շարժման դիրքապահ աղջիկներից մեկի ոտքին, իսկ գրասենյակի աշխատակիցներից մեկն օրվա ավարտին հարվածել է նրան:

Ակնհայտ է, որ սորոսականները «ՎԵՏՕ»-ի խաղաղ ակցիան խաթարելու նպատակով սկսել են ֆիզիկական ճնշումներ գործադրել մեր հերթապահների նկատմամբ:

«ՎԵՏՕ»-ն հայտարարում է, որ սադրանքներն ու ճնշումները չեն կարող մեզ կանգնեցնել: Մենք հաստատակամ ենք՝ ինչպես երբեք: Մեր դիրքապահները շարունակելու են բացառապես օրենքի շրջանակում իրականացնել հերթապահություն Սորոսի գրասենյակի դիմաց՝ բացահայտելով և հանրությանը ցույց տալով նրանց, ովքեր Սորոսի դոլարների դիմաց վաճառում են իրենց հայրենիքը»: