Ճանապարհային Ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2/3 հասցեի մոտ 45-50 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդուն վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու փատով, հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օրը ժամը 02:00-ի սահմաններում անձը չպարզված տղամարդը վրաերթի էր ենթարկվել, իսկ վարորդն էլ նրան թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից:
Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը առավոտյան ժամը 10:00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչի, 29-ամյա Վաչե Ս.-ն, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթի ենթարկվածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:



























