Հյուսիսային Կորեան վերականգնել է հրթիռային փորձարկումները՝ ապամիջուկայնացման ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկելով եւ կարողացել է ստեղծել փոքրաչափ մարտագլխիկներ: Այս մասին նշված է Ճապոնիայի պաշտպանության ամենամյա զեկույցում, որն ընդգծում է Փհենյանի վերաբերյալ նրա մտավախությունները, փոխանցում է AP-ն:

«Ուշադրություն դարձնելով միջուկային փորձարկումների շնորհիվ ձեռք բերած տեխնոլոգիական զարգացմանը՝ Հյուսիսային Կորեան, կարծես թե, արդեն հասել է փոքրաչափ մարտագլխիկների ստեղծմանը բալիստիկ հրթիռների վրա տեղադրելու համար»,- նշված է զեկույցում:

Փհենյանը ներկայումս ձգտում է հրթիռների հեռահարության հետագա աճի, ճշգրտության եւ օպերատիվության մեծացման, ինչպես նաեւ անսպասելի հարձակումների ունակության եւ աձակման մեթոդների դիվերսիֆիկացման: Հյուսիսային Կորեայի ռազմական գործունեությունը, «ինչպես նախկինում, լուրջ եւ անխուսափելի սպառնալիք» է Ճապոնիայի անվտանգության, ինչպես նաեւ միջազգային խաղաղության ու անվտանգության համար:

«Մենք, բնականաբար, պետք է լիովին պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելու Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքներից, եւ մենք կշարունակենք առաջ մղել մեր նախազգուշական միջոցները»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Տարո Կոնոն:

Զեկույցում նաեւ նշվում է, որ Չինաստանի սպառնալիքը տարածաշրջանային ծովերից տարածվում է տիեզերք, եւ որ Ճապոնիան պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի տիեզերական անվտանգությանը: «Չինաստանը, որի պաշտպանական բյուջեն արագորեն աճում է, հիմա Միացյալ Նահանգներին գրեթե հավասար է ընթանում՝ դառնալով խոշոր ռազմական տերություն»,- ասել է Կոնոն:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքները եւ Չինաստանի համառությունը նշանակում են, որ Ճապոնիան ավելի մեծ զսպման եւ հակահրթիռային պաշտպանության ու մարտական հնարավորությունների ուժեղացման կարիք ունի, ներառյալ թեւավոր հրթիռների եւ ավիակիրների: Ընդդիմախոսները հարց են տալիս՝ Ճապոնիային իսկապե՞ս այդպիսի հզոր զինանոց է պետք, որի պացիֆիստական սահմանադրությունը խիստ սահմանափակում է ինքնապաշտպանության նպատակով ուժի կիրառումը:

Դեկտեմբերից գործող Ճապոնիայի պաշտպանության առաջնորդող սկզբունքների համաձայն՝ Ճապոնիան իր պաշտպանական դերն ամրապնդում է ԱՄՆ-ի հետ դաշինքի շջանակում եւ ներկայումս գործարկում է տիեզերական բլոկ ու կիբեռ-էլեկլտրամագնիսական հարձակումների դեմ պայքարի միջոցներ: Ղեկավարությունն ասում է, որ Ճապոնիան պետք է լավ պատրաստվի եւ ցուցադրի, որ սպառնալիքներին կարող է դիմակայել: