Պակիստանում դատարանը սոցցանցերի աստղի եղբորը քրոջ սպանության մեջ մեղավոր է ճանաչել, հաղորդում է Reuters-ը: 

 2016-ին պակիստանցի մոդել Քանդիլ Բալոչի «պատվի սպանությունը» հանգեցրել է օրենքների խստացմանն ու վիճաբանությունների առիթ դարձել երկրում տարածված «պատվի սպանությունների» շուրջ: 

Դատարանն աղջկա եղբորը՝ Մուհամմեդ Վասիմին մեղավոր է ճանաչել եւ ցմահ ազատազրկման դատապարտել:

Փաստաբանի խոսքով՝ 6 այլ դատապարտյալներ, նրանց թվում՝ Բալոչի 2 մյուս եղբայրները, արդարացվել են:

Վասիմը 2016-ին խոստովանել է, որ խեղդել է իր 26-ամյա քրոջը սոցցանցերում նրա գործունեության պատճառով:

Քանդիլ Բալոչը Պակիստանի համար հանդուգն գրառումներ է կատարել Facebook-ում, որոնցում խոսել է երկրում մարդկանց մտածելակերպը փոխելու փորձերի մասին: Նրան հաճախ սպառնացել են, սակայն աղջիկը շարունակել է սադրիչ լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակել:

Քանդիլ Բալոչին, ում իրական անունը Ֆաուզիա Ազիմ է, անվանել են պակիստանցի Քիմ Քարդաշյան: Նա մոդելային կարիերա է սկսել սոցցանցերում իր փառքի շնորհիվ:

Աղջկա սպանությունը ցնցել է Պակիստանը, կառավարությունը որոշել է խստացնել օրենքերը, որպեսզի մարդասպանները չկարողանան ազատ արձակվել, եթե զոհի ընտանիքը ների նրանց:

Պակիստանում ամեն տարի պատվի պատճառով սպանվում է մոտ 500 կին: Հիմնականում մարդասպան են դառնում կանանց ընտանիքների անդամները, որոնց համար դրդապատճառ կարող են հանդիսանալ այլ տղամարդկանց հետ շփումը կամ պահպանողական արժեքների ցանկացած այլ խախտում: