Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում հանրապետության նախկին նախագահ Պյոտր Լուչինսկու տանը, ստուգվում է նրա հանցակցությունը երկրի բանկային համակարգից 2014 թվականին մեկ միլիարդ դոլարի հափշտակությանը, լրագրողներին տեղեկացրել է գերատեսչության մամուլի քարտուղար Կետելինա Բոգոնոսը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Մոլդովայի նախկին նախագահ Պյոտր Լուչինսկու տանը։ Նա կալանովորված չէ»,- նշել է Բոգոնոսը։
Նրա խոսքով՝ Լուչինսկին ուրբաթ օրը ցուցմունքներ է տվել Մոլդովայի բանկային համակարգից 2014 թվականին մեկ միլիարդ դոլար հանելու գործի վերաբերյալ։
2014-ին Մոլդովայում հայտնի էր դարձել, որ երեք բանկ՝ Banca de Economii-ն, Banca Sociala-ն եւ Unibank-ը, որոնց էր պատկանում երկրի բանկային ակտիվների մոտ մեկ երրորդը, պետության սահմաններից դուրս են տարել մոտ մեկ միլիարդ դոլար։ Բանկերը լուծարվել են, նրանց ունեցվածքը հանվել է վաճառքի, որպեսզի փոխհատուցվի հափշտակված միջոցների մի մասը։ Իրավիճակի հետաքննությամբ Մոլդովայի Ազգային բանկի որոշմամբ 2015 թվականին զբաղվել է Kroll եւ Steptoe & Johnson LLP միջազգային կազմակերպությունը։




























