Չինաստանի Գուանդուն նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Խուան ազգանունը կրող տղամարդուն, որը պարտվել էր խաղատանը եւ որոշել կազմակերպել սեփական առեւանգումը տիկնոջից գումար պահանջելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Beijing News-ին:
Դեպքը տեղի է ունեցել Չժունշան քաղաքային շրջանում: Խուանը պարտվել էր իր ամբողջ գումարը եւ որոշել «փոխհատուցել» կորուստը տիկնոջ միջոցով՝ կազմակերպելով իր իսկ առեւանգումը: Որպեսզի այն իրատեսական լիներ, նա կապել էր իր երկու ձեռքերն ու բերանը, իսկ այդ տեսարանի լուսանկարներն ու տեսագրությունն ուղարկել տիկնոջը՝ պահանջելով փրկագին:
Խուճապահար կինը ահազանգել էր ոստիկանություն: Իրավապահներն անցկացրել էին հետաքննություն եւ ձերբակալել «առեւանգվածին»: Նա խոստովանել էր, որ կազմակերպել էր սեփական առեւանգումը: Արդյունքում նրա համար սահմանվել էր վարչական կալանք 10 օր ժամկետով եւ տուգանք 500 յուանի (շուրջ 70 դոլար) չափով:





























