Նյու Յորքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմանի հարաբերությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես լրագրողներին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱԳ նախարարները քննարկել են Կորեական թերակղզում, Ուկրաինայի շուրջ, մերձարեւելյան տարածաշրջանում եւ Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու հեռանկարները:

Բանակցությունների ընթացքում Լավրովն ընդգծել է, որ «Ռուսաստանը բաց է երկխոսելու համար ԱՄՆ-ի հետ ամենատարբեր ոլորտներում, սակայն կառուցողական համագործակցությունը հնարավոր է միայն միմյանց շահերը հարգելու հիման վրա»:

Ռուս նախարարը նշել է Պոմպեոյին, որ Մոսկվայի վրա պատժամիջոցների կամ որեւէ այլ տեսքով ճնշումն ապարդյուն է: Դա միայն խափանում է «երկկողմանի փոխգործակցության հեռանկարները առանցքային համաշխարհային խնդիրների լուծման առումով եւ խախտում են համաշխարհային անվտանգությունը»:

Բացի այդ, Լավրովը հրավիրել է պետքարտուղարի ուշադրությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ռուսական պատվիրակության անդամներին վիզաներ չտրամադրելու անընդունելի իրավիճակի ուղղությամբ:

Լավրովի եւ Պոմպեոյի հանդիպումը տեւել է շուրջ 1 ժամ, այն կայացել է մամուլի համար փակ ռեժիմում:

Ինչպես նախօրեին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, Մոսկվան հույս ուներ, որ ԱԳ նախարարները կկարողանան կենտրոնանալ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, սակայն այժմ նրանք ստիպված կլինեն սկսել վիզաների եւ այս շաբաթ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցների խնդրի քննարկումից: