Այսօր՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Այսպիսի հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը։
«Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը:
Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրանց պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»,- ասված է ԲԴԽ հայտարարության մեջ:
ԲԴԽ-ից նաեւ տեղեկացնում են, որ «այսօր երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անմիջապես մեկնել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Այս պահին արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը»:
Նշենք, որ Աննա Դանիբեկյանը Մարտի 1-ի գործը քննող դատավորն է։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը հարցեր է տալիս Աննա Դանիբեկյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք «նա դատարանի պատերի տակ վնգստացող դատավորներից է»:




























