Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածն անթույլատրելի է։
Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։
Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:
Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»։
Նշենք, որ Աննա Դանիբեկյանը Մարտի 1-ի գործը քննող դատավորն է։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Նարեկ Մութաֆյանը հարցեր է տալիս Աննա Դանիբեկյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք «նա դատարանի պատերի տակ վնգստացող դատավորներից է»:
ԲԴԽ-ն այս դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել, նաեւ տեղեկացրել, որ արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը:




























