ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, որոնք նախաձեռնել են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից պահանջել են ներկայացնել Ուկրաինայի իշխանությունների հետ շփումներին առնչվող փաստաթղթերը, հաղորդում է Reuters-ը:

Նման պահանջ է ներկայացվել ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն ու ընտրությունների ամբողջականությունը վտանգող Թրամփի գործողությունների հետ մտահոգությունների ֆոնին օրենսդիրների ձեռնարկած հետաքննության մեկնարկից հետո:

Ներկայացուցիչների պալատի հետախուզության, վերահսկողության, արտասահմանյան գործերի գծով հանձնաժողովում մոտակա 2 շաբաթների ընթացքում ցուցմունքներ կտան նաեւ ԱՄՆ պետքարտուղարության 5 աշխատակիցներ, նրանց թվում՝ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը, որը, մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով, հրաժարական է տվել:

Վոլքերի հրաժարականի պատճառը դեռեւս հայտնի չէ: Պետքարտուղարությունը եւս չի մեկնաբանում այդ տեղեկությունը: