ԱՄՆ դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր կանոնները, որոնցով թույլատրվում էր անորոշ ժամկետով ծնողների հետ միասին ազատազրկման վայրերում պահել ներգաղթյալ երեխաներին, հաղորդում է Associated Press-ը:

Լոս Անջելեսի շրջանային դատարանի դատավոր Դոլլի Ջիի խոսքով՝ տվյալ կանոնները հակասում են 1997-ին կնքված համաձայնագրին, որի համաձայն՝ անչափահաս ներգաղթյալները, որոնք ձերբակալվել են սահմանին, պետք է որքան հնարավոր է շուտ ազատ արձակվեն եւ հանձնվեն ԱՄՆ-ում գտնվող իրենց հարազատներին: Բացի այդ, տվյալ համաձայնագրի համաձայն՝ անչափահաս ներգաղթյալները կարող են պահվել միայն պետական լիցենզիա ստացած հիմնարկություններում:

Դատարանը հայտարարել է, որ Ֆլորես համաձայնագիրը (ի պատիվ ներգաղթյալ երեխաներից մեկի) ուժի մեջ է մնում եւ կկիրառվի բոլոր ներգաղթյալ երեխաների նկատմամբ, որոնք ձերբակալվել են ԱՄՆ-ում: Այն կկիրառվի նաեւ ծնողների հետ սահմանը հատած երեխաների նկատմամբ: