Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հարազատները որոշել են բոլոր ցանկացողներին հնարավորություն տրամադրել վերջին հրաժեշտը տալ հանգուցյալ քաղաքական գործչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFM հեռուստաալիքին:

Հեռուստաալիքն այսօր հայտնել է, որ կիրակի տեղական ժամանակով ժամը 14:00-ին հանգուցյալի աճյունով դագաղը կդրվի Փարիզի Հաշմանդամների տան պատմական համալիրի տարածքում գտնվող Սեն Լուի (Սուրբ Լյուդովիկոս) տաճարի մոտ: Մոտակայքում ցավակցությունների համար գրքեր կդրվեն:

Հրաժեշտի արարողությանը ներկա կլինեն Ժակ Շիրակի հարազատները: Արարողության ավարտից հետո դագաղը կտեղափոխվի Սեն Սյուլպիս եկեղեցի, որտեղ կեսօրից սկսած հրաժեշտի մեծ ծիսակատարություն տեղի կունենա: Սեն Սյուլպիս եկեղեցին այժմ խոշոր արարողությունների անցկացման համար փոխարինում է Փարիզի Աստվածամոր տաճարին, որը տուժել էր ուժեղ հրդեհից:

Le Parisien-ի տեղեկություններով՝ այժմ Մոնպառնաս գերեզմանատանը աշխատանքներ են տարվում Ժակ Շիրակի հուղարկավորությունը կազմակերպելու համար: Գրանիտե գերեզմանաքարի վրա արդեն գրվել է քաղաքական գործչի անունն ու ծննդյան եւ մահվան տարեթվերը: Գերեզմանը գտնվում է Փարիզի ամենահայտնի գերեզմանատանը, «Հավերժ հանգիստ հանճարին» անվանումով հուշարձանի մոտ: Ժակ Շիրակը կդառնա Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության առաջին նախագահը, որը կհուղարկավորվի Փարիզի տարածքում:  

Ժակ Շիրակի փեսան՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուն, սեպտեմբերի 26-ին հայտնել էր, որ նախկին նախագահը մահացել է առավոտյան իր հարազատների շրջապատում: 

Ժակ Շիրակը հեռացել է քաղաքականությունից երկու ժամետով երկիրը ղեկավարելուց հետո՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: Ֆրանսիական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2005-ին քաղաքական գործչի մոտ սրտանոթային համակարգի հիվանդություն էր ախտորոշվել: 2016-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր ավագ դստեր մահից հետո: Վերջին 3 տարիներին նախկին նախագահը չի մասնակցել պաշտոնական արարողություններին, հազվադեպ է այցելուների ընդունել: