Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը կորցրել է 5373 ընտրատեղամասերից 870-ի հետ կապը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tolo News հեռուստաալիքին: Այս մասին հեռուստաալիքին ասել է ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ կորել է Բադահշան, Թահար, Կունդուզ եւ Բագլան գավառների ընտրատեղամասերի հետ կապը, որտեղ հեռուստահաղորդակցության ծառայություններն այլեւս ակտիվ չեն:
Բացի այդ, ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ 1331 ընտրատեղամաս դեռեւս փակ է:
Աֆղանստանի նախագահական ընտրությունների ընթացքին հետեւում է 137 000 դիտորդ:
Աֆղանստանում ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան: Նախագահական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ խաղաղ բանակցությունների ձախողման ֆոնին: Ընտրություններից մոտ 2 շաբաթ առաջ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհ են դարձել տասնյակ մարդիկ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:
Նախագահի պաշտոնում երկու հիմնական թեկնածուներն են գործող նախագահ Աշրաֆ Հանին եւ վարչապետ Աբդուլլա Աբդուլլան: Նրանք իրենց պաշտոնները զբաղեցրել են 2014-ին: Թեկնածուների ընդհանուր թիվը 15-ն է: Ավելի վաղ գրանցվել էր 18 թեկնածու, սակայն 3-ի թեկնածությունը հանվել էր, նրանցից երկուսը հայտարարել էին, որ աջակցում են գործող նախագահին:




























