Հնդկաստանի ոստիկանությունը հայտարարել է երկրի վերահսկողության տակ գտնվող Ջամու եւ Քաշմիր նահանգների սահմանային գոտում փոխրաձգության հետեւանքով երեք զինյալների սպանության մասին, հայտնում է Associated Press-ը։

Հնդիկ իրավապահները նաեւ հայտարարել են, որ հինգ զինյալներ սահմանամերձ Բատոտ քաղաքում մտել են տուն, եւ անվտանգության ուժերը վնասազերծել են նրանց։

Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Իրավապահները չեն հայտնել՝ արդյոք մյուս երկու զինյալներին հաջողվե՞լ է փախուստի դիմել։

Հնդկաստանը օգոստոսի 5-ին խիստ սահմանափակումներ է մտցրել Քաշմիրի նահանգում՝ վերջինիս զրկելով կիսաինքնավարությունից։

Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է այն զինյալների սպառազինման եւ վարժանքների մեջ, որոնք 1989 թվականից պայքարում են Քաշմիրը Հնդկաստանից առանձնացնելու եւ Պակիստանին միացնելու համար։

Իսլամաբադը հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները։