Աշխարհի երեսուն երկրների առաջնորդներ կժամանեն Փարիզ՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակի արարողությանը մասնակցելու համար, հաղորդում ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով France Presse-ին։
Այդ տվյալների համաձայն, Փարիզ կժամանեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը։
Կժամանեն նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եւ Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենի Սասսու-Նգեսսոն։
Ժակ Շիրակի հիշատակի արարողությունը երկուշաբթի կգլխավորի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ներկա կգտնվեն երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը, վերին եւ ստորին պալատների խոսնակները, ֆրանսիական մի շարք կուսակցությունների առաջնորդներ, նախկին նախագահի հարազատներն ու մտերիմները։
Լայնորեն ներկայացված կլինեն Շիրակի ժամանակաշրջանի ինչպես ֆրանսիական, այնպես էլ արտասահմանյան քաղաքական գործիչները։ Նրանց շարքում՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Իսպանիայի կառավարության նախկին ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն։ Ներկա կլինեն նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը եւ Վալերի Ժիսկար դ՝Էստենը։
Երկուշաբթին Ֆրանսիայում հայտարարված է որպես սգո օր։





























