Կիեւի Օբոլոնյան շրջանում անհայտ անձինք մանկապարտեզ են հրդեհել։ Կիեւի քաղաքային ոստիկանության կոմունիկացիաների բաժինը հայտնել է, որ գիշերը իրավապահները տեղեկատվություն են ստացել, թե Դնեպրի Հերոսների փողոցի վրա գտնվող շենքի երկրորդ հարկում հրդեհ է, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նշված հասցեով անհապաղ մեկնել է հրշեջների բրիգադ եւ օպերատիվ-քննչական խումբ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մանկապարտեզի երկրորդ հարկի սենյակներից մեկում։ Տեսախցիկները նկարահանել են երկու անհայտ երիտասարդների, որոնք քայլել են կենտրոնական մուտքի մոտ։ Ոստիկանները հայտնաբերել են, որ պահեստային մուտքի դուռը կոտրված է, իսկ սենյակներում, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, ամեն ինչ գլխիվայր շրջված է։ Կրիմինալիստները դեպքի վայրից ծխախոտի մնացորդներ եւ մատնահետքեր են վերցրել, որոնք, հավանաբար, թողել են հանցագործները։ Այժմ հետաքննությունը շարունակվում է դեպքին մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Օբոլոնյան շրջանի ոստիկանության քննչական բաժնի կողմից միջադեպը նախնական որակվել է որպես «ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում»։ Համապատասխան հոդվածը մինչեւ 10 տարվա ազատազրկում է նախատեսում։




























