Ամերիկյան Մերիլենդ նահանգի ոստիկանությունը սպանել է տղամարդուն, որը դանակով վիրավորել էր հինգ մարդու Հանթ Վելիում առեւտրի կենտրոնում, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ տուժածները ստացել են թեթեւ վնասվածքներ եւ տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ:

Ոստիկանությունը հաղորդել է, որ տղամարդը չորս մարդու վիրավորել է գինու խանութում, իսկ հինգերորդին՝ ռեստորանում: Ներկայումս դեռեւս հայտնի չէ, թե տուժածները պարզապես այցելուներ էին, թե աշխատակիցներ:

Նշվում է, որ տղամարդը գումար է պահանջել այցելուներից գինու խանութում՝ սպառնալով դանակով:

Դեպքի ականատեսներից մեկը պատմել է հեռուստաալիքին, որ ոստիկանությունը ոչնչացրել է կասկածյալին:

Ականատեսի խոսքով՝ տղամարդը չէր ենթարկվել ոստիկանների հրամաններին եւ շարժվում էր շատ դանդաղ:

Նա նշել է, որ այնուհետեւ լսել է վեց կրակոց, իսկ կասկածյալին տեսել գետնին պառկած վիճակում: