ԱՄՆ-ից Ռիչարդսոն ընտանիքը հրաժեշտ է տվել իր փոքրիկ հերոսին. Զեւս անունով նրանց 8-ամսական պիտբուլը զոհվել է՝ պաշտպանելով իր տիրոջ երեխաներին մարջան օձից, հաղորդում է Fox35-ը:

Շունը սատկել է ստացված խայթոցներից:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, երբ երեխաները բակում լվանում էին շան ափսեն եւ այդ պահին չէին նկատել օձին:

Ինչպես պատմել է շան տեր Հերին, հանկարծակի Զեւսը վեր թռավ եւ հարձակվեց օձի վրա, որը գտնվում էր նրա որդու կողքին:

Օձը չորս անգամ խայթել է Զեւսին: Տերերը անմիջապես տեղափոխել են շանն անասնաբուժական կինիկա, սակայն նրան փրկել չի հաջողվել. հաջորդ օրը պիտբուլը սատկել է:

Շունն ապրում էր Հերիի ընտանիքի հետ իր ծննդյան պահից եւ դարձել էր նրանց ընտանիքի անդամը, որը սգում է Զեւսի կորուստը եւ միշտ կհիշի նրան երախտիքով: