Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է 15 ծայրահեղականներին ոչնչացնելու մասին Սինայան թերակղզու հյուսիսում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախարարության տեղեկություններով՝ սահմանամերձ Էլ Արիշ քաղաքի մերձակայքում անվտանգության ուժերը հետապնդել են ծայրահեղականներին, որոնք կասկածվում են բանակի եւ ոստիկանության ներկայացուցիչների վրա հարձակումներ կատարելու մեջ: Հրաձգության ընթացքում սպանվել է 15 ահաբեկիչ: Անձնակազմում կորուստների մասին չի հաղորդվում:
Ուրբաթ արաբական հանրապետության ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Թամեր Ռիֆային հայտնել է, որ վերջին շրջանում Եգիպտոսի բանակը ոստիկանության հետ համատեղ ոչնչացրել է 118 ահաբեկիչներին, որոնք գործում էին Սինայան թերակղզու հյուսիսում եւ կենտրոնական հատվածում: Բացի այդ, արաբական հանրապետության ռազմաօդային ուժերը ոչնչացրել են արմատականների ավելի քան 30 թաքստոց եւ ահաբեկիչների ու մաքսանենգների 115 տրանսպորտային միջոց ինչպես Սինայան թերակղզում, այնպես էլ Լիբիայի եւ Սուդանի հետ սահմանին: Վնասազերծված են ավելի քան 270 ինքնաշեն պայթուցիկ սարքեր, առգրավված է մեծ քանակությամբ զենք, ռազմամթերթ եւ կապի միջոցներ:
Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը մի քանի տարի շարունակ անցկացնում են գործողություններ արմատական խմբավորումների դեմ Սինայան թերակղզու հյուսիսային շրջաններում: 2018 թվականի փետրվարին երկրի ԶՈՒ-ն եւ ՆԳՆ-ը սկսել են հակաահաբեկչական գործողությունը «Սինայ 2018» ծածկանվան ներքո, որն, ի տարբերություն բոլոր նախորդ գործողություններին, անցկացվում է Սինայան թերակղզու ինչպես հյուսիսում եւ կենտրոնում, այնպես էլ Նեղոսի դելտայում ու անապատում երկրի արեւմտյան հատվածում: Դրան մասնակցում են դաշտային զինվորական ստորաբաժանումները, ներքին գործերի աշխատակիցները, ինչպես նաեւ սահմանապահ, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը: Այդ ընթացքում ոչնչացվել են հարյուրավոր ահաբեկիչներ, զոհվել տասնյակ ոստիկաններ եւ զինծառայողներ:




























