Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում համայնքապետի արտահերթ ընտրություններին որեւէ միջադեպ չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքապետի թեկնածու, նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը:

«Ընտրությունները շատ հանգիստ, խախանդ, լավ, ջերմ մթնոլորտում ընթանում են, որեւէ դեպք չի արձանագրվել, նախկին լարվածությունը չկա»,-ասաց նա:

Նախկին համայնքապետը նշեց, որ ինքը հրաժարական տալուց ասել էր, որ ապացուցելու է, որ նորից է ընտրվելու եւ այսօր համագյուղացիները իրենց գնահատականը կտան:

Նա նշեց, որ նախկինում իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվողներից որեւէ մեկը թեկնածություն չի դրել:

Իրենից բացի եւս մեկ համագյուղացի է թեկնածություն դրել, ով ինչպես եւ ինքը նախին հանրապետական է:

Պարույր Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ-ից դուրս է եկել այս տավա փետրվար ամսին:

Նշենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2019-ի ապրիլի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գյուղում ստեղծված լարվածության արդյունքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: