Ռուս մոդել Օքսանա Վոեւոդինան հայտնել է իր նախկին սկեսրայրի՝ Մալայզիայի սուլթան Իսմայիլ Պետրայի մահվան մասին՝ Instagram-ում գրառում կատարելով, հաղորդում է Life-ը:

Bernama գործակալության տեղեկություններով՝ 69-ամյա սուլթանը կյանքից հեռացել է սեպտեմբերի 28-ին, տեղական ժամանակով առավոտյան 8:11-ին Կոտա Բարու քաղաքի թագավորական հիվանդանոցի պալատում: 1979-2011 թթ. նա ղեկավարել է Քելանթան սուլթանատը:

Իսմայիլ Պետրան իր տիկնոջ՝ Անիսի հետ ապրել էր շուրջ 50 տարի, եւ ուներ 4 երեխա՝ ներառյալ Վոեւոդինայի նախկին ամուսինը՝ Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ը:

Հիշեցնենք, որ «Միսս Մոսկվա 2015» Օքսանա Վոեւոդինան ամուսնացել էր Մուհամադ V-ի հետ անցած տարի նոյեմբերին: 2019 թվականի հունիսին ծնվել էր նրանց երեխան: Սակայն արդեն մեկ ամիս անց հայտնի էր դարձել, որ նախկին թագավորն ամուսնալուծվել էր իր ռուս տիկնոջից: