Արարատի մարզի Նորաշեն համայնքում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանը գույքահարկի 1,5-2 մլն դրամի պարտք ունի:
Ակցիային ներկա էր նաեւ Արտակ Հարությունյանը եւ երբ նրանից հետաքրքրվեցին, թե իսկապես ինքը այդքան գույքահարկի պարտք ունի, նա արձագանքեց. «Հայաստանի ամբողջ բնակչությունը պարտք ունի, ո՞վ չունի: Բան եք գտել մարդուն մեղադրելո՞ւ»:
Նշենք, որ ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Այս պահին բողոքի ակցիան ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ գյուղապետ Նորայր Գրիգորյանը երկու հոգու հետ գնացել է մարզպետի հետ հանդիպման, որից հետո կվերադառնա եւ արդյունքների մասին կտեղեկացնի գյուղացիներին:




























