Ես համաձայն չեմ պնդմանը, որ Նորաշեն համայնքը ոտքի է կանգնել եւ պահանջում է մարզպետի հրաժարականը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արարատի մարզպետարանում Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Դիտարկմանը, որ կարող է այցելել գյուղ եւ անձամբ համոզվել դրանում, որ բնակիչները նաեւ պահանջում էին, որ մարզպետն անձամբ գա ու հանդիպի իրենց հետ, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Գյուղացիների իրավունքն է պահանջել մարզպետի հրաժարականը, իսկ որոշում կայացնողը ես եմ: Կհանդիպեմ իրենց հետ թե ոչ, կորոշեմ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:




























