Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը ԱՄՆ-ի զինծառայողների հետ միասին ապրիլի 1-ին լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել, երկրաշարժից հետո անհետ կորած համարվող, կենդանի մնացած մարդկանց գտնելու հույսով, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Կիոդո» ճապոնական գործակալությունը։

Որոնողական աշխատանքներին, որոնք տեւելու են երեք օր, մասնակցելու են 18 հազար ճապոնացի եւ 7 հազար ամերիկացի զինվորականներ, այդ թվում ԱՄՆ ծովային հետեւակի զինծառայողներ։ Որոնողական աշխատանքներին կմասնակցեն նաեւ Ճապոնիայի 100 ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ 50 նավեր։ Ամերիկյան կողմից կմիանան 20 օդանավեր եւ 15 նավեր։

Զինված ուժերին օգնում են Հրշեջ եւ ոստիկանական ծառայությունները։

 Գործողությունները պետք է համընկնեն գարնանային մակընթացության ավարտի հետ։ Մակընթացության ժամանակ փրկարարները կհայտնվեն մինչ այդ անհասանելի վայրերում, որոնք ամբողջովին ջրասույզ էին եղել ցունամիի հետեւանքով։ Այդ շրջանների թվում են Միյագի, Իվետե եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրաները։

Ճապոնիայի իշխանությունների խոսքով, որոնողական աշխատանքները 30 կմ շառավղով կանցնեն  Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի կողքով: Նշենք, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը շարունակում է ռադիացոն նյութեր արտանետել, որը վտանգավոր է փրկարարների առողջությանը։

Ճապոնիայում մարտի 11-ին  8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:

Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում: