Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը սովորական մի այց էր, մեր հարկատուների հաշվին. Այն որակական առումով ոչինչ չի տվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Մենք չունենք ոչ մի ձեռքբերում այդ այցից, որովհետեւ ԱՄՆ-ում ոչ մի լուրջ պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել:

Ամերիկահայերն ունեն կարոտ եւ այդպես ընդունել են նաեւ Սերժ Սարգսյանին: Այնպես չի, որ մեծ տարբերություն կա: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար, որ հանրհավաքային լիներ հանդիպումը, ապա իր համար նույնպես մեր հյուպատոսությունն այդպիսի հավաք կկազմակերպեր»,-ասաց նա: Փոստանջյանը հավելեց, որ առանձնապես երեւելի հանդիպում չի եղել ԱՄՆ-ում. «Այցի երեւելիությունը կարող ենք գնահատաել, եթե ունենք շոշափելի արդյունքներ: Դրանք պետք է լինեն փաստաթղթերի տեսքով, պաշտոնական հանդիպումների տեսքով, որտեղ հնչում են հստակ քաղաքական ուղերձներ, որոնք սպասարկվում են նաեւ նյութապես: Մենք նման այցի ականատեսը չեղանք»: