Թուրքիան կշարունակի պնդել, որ լիովին բացահայտվի լրագրող Ջամալ Խոշաղջիի սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը։

Սպանության տարելիցի նախաշեմին Էրդողանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է իմանալ, թե որտեղ է նրա մարմինն ու ով է պատվիրել դա։

Տասնմեկ կասկածյալ Սաուդյան Արաբիայից դատի է տրվել փակ դատավարության ընթացքում։ Բայց առայժմ ընդամենը մի քանի լսումներ են եղել։ ԿՀՎ-ն եւ արեւմտյան որոշ կառավարություններ ասել են, որ, իրենց կարծիքով, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրամայել է սպանել լրագրողին, որը քննադատում էր նրա քաղաքականությունը։

Վերջին անգամ նրան տեսել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում հոկտեմբերի 2-ին, որտեղ նա պետք է ստանար փաստաթղթեր իր հարսանիքից առաջ։ Թուրք պաշտոնյաների խոսքով՝ նրա մարմինը մասնատել եւ դուրս են տարել շենքից։ Մնացորդները դեռեւս չեն հայտնաբերվել։

«Post»-ի հոդվածում Էրդողանը գրել է, որ մարդասպաններն օգտագործել են դիվանագիտական անձնագրեր եւ «դիվանագիտական շենքը վերածել հանցավայրի»՝ վտանգավոր նախապայման ստեղծելով։ «Գուցե ավելի վտանգավոր է անպատժելիությունը, որը որոշ մարդասպաններ, ըստ երեւույթին, վայելում են թագավորությունում»,- գրել է նա՝ ավելացնելով, որ դատավարությունը թափանցիկ չի եղել։

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է Սաուդյան Արաբիան դիտարկել որպես բարեկամի եւ դաշնակցի, բայց դա չի նշանակում, թե Անկարան լռելու է։

«15 մարդուց բաղկացած մարդասպանների ջոկատը, որ սպանել է Խոշաղջիին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում եւ մասնատել նրա մարմինը, ծառայել է թագավորության կառավարությունում ստվերային պետության շահերին»,- նշել է Էրդողանը՝ մանրամասների մեջ չխորանալով։