Սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի թիկնապահը։ Իշխանությունները հավաստիացնում են, որ նա սպանվել է անձնական վեճի ժամանակ։ Խոսքը գեներալ-մայոր Աբդուլազիզ ալ Ֆագհամի մասին է, տեղեկացնում է CBS News-ը։
Նրա մահվան մանրամասները դեռեւս աղոտ են։ Առաջին պաշտոնական տեղեկությունը նրա մահվան մասին ստացվել է Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսության թվիթում։ «Գեներալ-մայոր Աբդուլազիզ ալ Ֆագհամը՝ Սրբազան երկու մզկիթների պահապանի թիկնապահն սպանվել է Ջիդայում անձնական վեճից հետո»,- ասվում է թվիթում։
Մի քանի ժամ անց Սաուդյան Արաբիայի պետական գործակալությունը տեղեկացրեց, որ գեներալի վրա կրակել է նրա ընկերը։ Վերջինը վիրավորել է նաեւ մեկ այլ սաուդցու եւ ֆիլիպինցի աշխատողի։ Տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է փոխհրաձգության մասին, որի ժամանակ սպանվել է հրաձիգը, վիրավորվել է անվտանգության ուժերի հինգ աշխատակից։




























