Լրագրողուհի Շառլոտ Էդվարդսի մեղադրանքները, թե Բրիտանիայի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնը ոտնձգություն է կատարել իր հանդեպ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել են կառավաության ղեկավարի աշխատակազմում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը նույնպես հաստատել է, որ կնոջ հայտարարությունը սուտ է։

Նախկին լրագրողուհի եւ մոդել Շառլոտ Էդվարդսը Sunday Times-ին պատմել է, թե ինչպես է 90-ականների վերջին հանդիպել Ջոնսոնի հետ։ Այն ժամանակ նա Spectator ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ Մի պահ կինը զգացել է, որ քաղաքական գործիչը ձեռքը դրել է իր ոտքին եւ սեղմել։ Սակայն այն ժամանակ Էդվարդսը որոշել է լռել։

Հետագայում Շառլոտն իմացել է, որ Ջոնսոնը սեղանի շուրջն իր կողքին նստած մեկ ուրիշ աղջկա հանդեպ նույնպես ոտնձգություն է կատարել։ Լրագրողուհին այդ միջադեպի մասին հիշել է ոտնձգությունների դեմ պայքարի մեկնարկի հետ կապված։

Հարկ է նշել, որ այժմ Ջոնսոնին իմփիչմենթ է սպառնում, քանի որ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու նրա որոշումը։