Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի հավատում, որ Փհենյանը ինքնակամ կհրաժարվի իր միջուկային զենքից, հայտնում է CNN-ը։
Հրաժարականից հետո իր առաջին հրապարակային ելույթում Բոլթոնը հայտարարել է, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը «հնարավոր ամեն ինչ կանի» միջուկային զենքի պոտենցիալը պահպանելու համար։ «Ներկա պայմաններում նա երբեք ինքնակամ չի հրաժարվի միջուկային զենքից»,- Վաշինգտոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում իր ելույթի ժամանակ ասել է Բոլթոնը։
Սա կտրուկ հակասում է Ընի հետ բանակցությունների մասին Թրամփի հայտարարությանը, ըստ որի դրանք լավ են ընթանում, թեեւ ոչինչ չի վկայում, թե ԿԺԴՀ-ն կհրաժարվի իր միջուկային զենքից։
«Ես նաեւ վստահ եմ, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շատ ուրախ է, որ ես այսօր այստեղ եմ մասնավոր կարգով։ Հնարավոր է, այժմ նրանք մի քիչ ավելի պակաս գոհ կլինեն, երբ ես կարողանամ առանց գունազարդումների խոսել լուրջ եւ աճող սպառնալիքի մասին, որը միջուկային զենքի հյուսիսկորեական ծրագիրը ներկայացնում է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար»,- ասել է նա։ Հյուսիսային Կորեայի այժմյան իրավիճակը բնութագրելով որպես «դասական դիմակայում»՝ Բոլթոնն ասել է,թե երկրի ղեկավարներն ուզում են ինչ-որ մի բան, որը մենք նրանց չենք կարող տալ»։ «Ժամանակն աշխատում է նրանց դեմ, ովքեր դիմակայում են միջուկային զենքի տարածմանը, եւ ժամանակի հանդեպ հանգիստ վերաբերմունքը առավելություն է այն երկրների համար, ինչպիսին են Հյուսիսային Կորեան եւ Իրանը»,- հավելել է նախկին խորհրդականը։





























